Պատմությունը գրվում է ոչ թե խորհրդարաններում, այլ արխիվներում, եւ քաղաքական նպատակներով ընդունվող որոշումները զուրկ են ամենայն գիտականությունից, հեռու են տրամաբանությունից եւ բանականությունից ու ոչ մի ընդհանրություն չունեն պատմական իրողության հետ: Այդ մասին Լոնդոնում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Վաշինգտոնում եւ Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը: «Այդ նախաձեռնությունները, որոնք խոչընդոտում են ժողովուրդների մերձեցմանն ու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման փորձերին, ոչնչացնում են ապագայի հույսերը»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը:
Երկրի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկն իր հերթին ասել է, որ «մեր ժողովրդի դեմ ուղղված նման բանաձեւերի ընդունումը բոլորովին անարդար է»: «Թուրքիայի արձագանքը րոպեական բնույթ չի կրում: Ես հուսով եմ, որ մեր գործընկերները դա լավ են հասկանում եւ գնահատում են իրավիճակը»,- ասել է նա:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:
Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:





