ԱՄՆ-ն կցանկանար, որ Թուրքիայի դեսպանը վերադառնար Վաշինգտոն, բայց դա, ի վերջո, Անկարայի որոշումն է: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեապազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նրա խոսքերով, մի շարք զրույցներ են կայացել Թուրքիայի պաշտոնական անձանց հետ: «Մենք կցանկանայինք, որ Թուրքիայի դեսպանը Վաշինգտոն վերադառնար: Կարծում ենք, որ շատ կարեւոր է, որպեսզի նա այստեղ լինի: Բայց դա Թուրքիայի որոշումն է»,- ասել է Քրոուլին:
Նա նաեւ ընդգծեց, որ Վաշինգտոնը շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Արձանագրությունների շուտափույթ վավերացման բանակցությունները: «Մենք շարունակում ենք պաշտպանել երկու երկրներին, որպեսզի նրանք կատարեն այդ կարեւոր քայլը: Այդ մասին հեռախոսով զրուցել են ԱՄՆ պետդեպարտամենտը եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը»,- ասել է նա:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը ետ էր կանչվել մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումից հետո: Ենթադրվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն դեպքում ընդունելու է միջուկային անվտանգության գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու Բարաք Օբամայի հրավերը: Գագաթնաժողովը տեղի է ունենալու Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը, հրավիրված է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:





