AM
8 Ապրիլ 2010 - 09:01 AMT

Մինչև 2012 թվականը Հայաստանի 70 խոցելի համայնքներում նախադպրոցական ծառայություններ կստեղծվեն

"Հիմնական կրթության և երեխայի զարգացում. Հայաստանի ազգային ծրագիր 2010-2015"-ի շրջանակում ապրիլի 8-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրել են 2010-2011 թվականների համագործակցության ծրագիր:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունը, շարունակական աշխատանքային ծրագիրի նպատակն է` բարձրացնել որակյալ կրթության հասանելիությունն ու շարունակականությունը բնակչության առավել խոցելի խմբերի համար:

Կարևորելով ստորագրվող փաստաթուղթը` նախարարը նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում ՄԱԿ-ը, իր բոլոր գործակալություններով և կազմակերպություններով հանդերձ, հանդիսանում է նախարարության կարևոր գործընկերը:

"Ստորագրվող գործողությունների ծրագիրը նախևառաջ միտված է երեխաների կրթական և այլ իրավունքների պաշտպանությանը հանրակրթական բնագավառում: Այն նախատեսում է բազմակողմանի աջակցություն այն բարեփոխումներին, որոնք շարունակական են և իրականացվում են այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին” ,- նշել է Արմեն Աշոտյանը:

Ըստ նախարարի, ծրագրում մեծ տեղ է հատկացված "երեխայակենտրոն դպրոցների" ստեղծման գաղափարախոսությանը, որը դրված է նաև "Հանրակրթության մասին" ՀՀ օրենքի հիմքում և ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների շրջանակում է։

Ծրագիրը անդրադառնում է նաեւ քաղաքացիական դաստիարակության բաղադրիչների ապահովմանն ու դպրոցների կառավարման բարեփոխումների խնդրին` վերջինիս հարցում կարևորելով դպրոցներում ինքնագնահատման և ինքնավերլուծության ինստիտուտների ստեղծումը, որը թույլ կտա դպրոցներին լինել ավելի ինքնավար և թափանցիկ ու գնահատելի դարձնել ինքնագնահատման մեխանիզմները:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին իր հերթին նշեց, որ կրթության և գիտության նախարարության դերն առանցքային է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: “Ծրագրում երեխայակենտրոն սկզբունքների, քաղաքացիական մասնակցության և ներառական կրթության ապահովումը խիբտ կարեւորված է։ Բացի ծրագրով նախատեսված 280 հազար դոլար ներդրումներից, ակնկալվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում, որը միտված կլինի կրթական ծրագրերում արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման և կառավարման ռազմավարության ինտեգրմանն ուղղված գործընթացներին”:

ՀՀ կառավարության, հիմնական դոնորների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2012 թվականն օժանդակել նախադպրոցական կրթության զարգացման պետական ծրագրին, որն ուղղված է 70 խոցելի համայնքներում քիչ ծախսատար նախադպրոցական ծառայությունների ստեղծմանը։