Վերջին ամիսների ընթացքում նվազել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական արդյունքների հասնելու հավանականությունը; Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքերի համաձայն, դրա պատճառը թուրքական կողմի վերջին շրջանում արված հայտարարություններն ու կատարած գործողություններն են; Նա նաև նշել է, որ Սերժ Սարգսյանի նախատեսվող հանդիպումները Բարաք Օբամայի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կարող են նշանակալի փոփոխությունների հանգեցնել իրադարձությունների հետագա ընթացքի մեջ:
Այս համատեքստում Բեքարյանը հրապարակել է հավանական սցենարներն` ասելով, որ այդ հանդիպումները կամ նոր խթան կդառնան գործընթացի համար, կամ որևէ առաջընթաց չի լինի, կամ Թուրքիան կհայտարարի, որ թեև ինքը ստորագրել է արձանագրությունները, սակայն չունի ոչ ռեսուրսներ, ոչ էլ հնարավորություն դրանք վավերացնելու համար;
Բեքարյանը նշել է, որ վաշինգտոնյան հանդիպումներից հետո Հայաստանն, առաջին հերթին, գործընթացի հստակություն պետք է ակնկալի: Ըստ փորձագետի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին զգայուն հարց է և մշտական աշխատանք է պահանջում;
Բեքարյանը միևնույն ժամանակ, նշել է, որ գործընթացի ձախողման դեպքում, Հայաստանը ոչինչ չի կորցնի, քանի որ ոչինչ էլ չուներ; "Հայաստանը չի կարող Թուրքիայի հետ առավել վատ հարաբերություններ ունենալ", – ասել է նա: Այնուհետև շարունակել է, որ այլևս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տորպեդահարոմ է Թուրքիան: "Անկարան արդեն սպառում է գործընթացը ձգձգելու պաշարները", – նշել է Բեքարյանը:
Նա նաև բացառել է նոր գործընթաց սկսելու հավանականությունը, քանի որ եղածը լուծում չգտավ;





