AM
9 Ապրիլ 2010 - 17:04 AMT

EAFJD. “ԵՄ-ն Թուրքիայից պետք է պահանջի մեկընդմիշտ ապաշրջափակել Հայաստանը”

Եվրոպայի հայկական դաշնությունը (EAFJD) ողջունում է ԵՄ ԱԳ նախագահ Քեթրին Էշտոնի հայտարարությունը, որով հաստատել է ԵՄ վճռականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում` առանց նախապայմանների; Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին, ԵՄ ղեկավարության հայտարարությունը խոստովանությունն է այն բանի, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում պահանջող Հայաստանի և նախապայմաններ պահանջող Թուրքիայի միջև անհավասարակշռություն գոյություն ունի: Թուրքիան իր գործողություններով դադարեցնելով գործընթացը, միևնույն ժամանակ հայտարարություններ է անում հօգուտ գործընթացի:

EAFJD-ն բարձր է գնահատել Հայաստանի և Եվրամիության կապի ամրապնդման ԵՄ ջանքերը` “Արևելյան գործընկերություն” ծրագրի շրջանակներում:

“Միևնույն ժամանակ մենք խորապես ցավում ենք, որ մինչ օրս ԵՄ ղեկավարությունը չի դատապարտել Թուրքիայի վարչապետի բացահայտ սպառնալիքները` իր երկրից հարյուր հազար հայերին վտարելու մասին, որը նրա պատասխանն էր ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 252 բանաձևի ընդունմանը”, – հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: Նա նաև ավելացրել է, որ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

Ընդգծելով Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի քաղաքականությունը, Չոբոյանն ասել է, որ ԵՄ-ն այս գործոնները ուշադրության առնելով, պետք է եզրակացության հանգի տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին:

EAFJD-ն նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ն Թուրքիայից կպահանջի մեկընդմիշտ ապաշրջափակել Հայաստանը: