AM
12 Ապրիլ 2010 - 06:08 AMT

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լիբանանում

Ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Լիբանան է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Մարտին Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վահե Էնֆիաջյանը:

Բեյրութի օդանավակայանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանին դիմավորել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին: Երկու խորհրդարանների նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել:

Ջերմորեն ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահին` Նաբիհ Բըրրին նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև կապերը պատմական են, իսկ Լիբանանում բնակվող հայերը կենդանի կամուրջ են երկու պետությունների միջև: Հայաստանի ու Լիբանանի միջև կնքված է 19 համաձայնագիր, որոնք վավերացվել են խորհրդարանների կողմից: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքերով` երկու երկրների տնտեսական հարաբերությունները զգալիորեն զիջում են քաղաքական հարաբերություններին, և խորհրդարանները պետք է ամեն ինչ անեն տնտեսական կապերը սերտացնելու համար: Ըստ Նաբիհ Բըրրիի` պետք է աշխատել խորհրդարանների և ժողովրդական դիվանագիտության մակարդակով ավելի լավ հասկանալ միմյանց, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: