Ի պատիվ ՀՀ Ազգայի ժողովի նախագահի` Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ելույթ ունենալով` Նաբիհ Բըրրին մասնավորապես կարևորել է տնտեսական փոխհարաբերությունները` նշելով դրանց մեծ ներուժի մասին: Նա կոչ է արել գործարարներին` արագ զարգացնել այդ հարաբերությունները:
Պաշտոնական ճաշի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասել է. ‘’Լիբանանի և արաբական աշխարհի ականավոր փիլիսոփա, գրող ու բանաստեղծ Ժբրան Խալիլ Ժբրանը հետևյալ հիանալի խոսքերն է ասել.”Կարելի է մոռանալ նրան, ում հետ ծիծաղել ես, բայց երբեք չի մոռացվի նա, ում հետ լաց ես եղել”: Այս խոսքերը լիովին համահունչ են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, որոնք ոչ միայն երկու ժողովուրդների հոգևոր կապի ու անդավաճան զգացմունքների մասին են վկայում, այլև մշակույթների ու կրոնների միջև երկխոսության, համերաշխության ու հանդուրժողականության փայլուն օրինակ են:
Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված եղեռնից մազապուրծ մեր շատ հայրենակիցների համար այս հյուրընկալ հողը դարձավ ոչ միայն փրկության հանգրվան, այլև հարազատ օջախ, որտեղ նրանք կարողացան ոչ թե գոյատևել, այլ` աճել ու սերունդ տալ: Սա ցույց է տալիս Լիբանանի պետության ու ժողովրդի քաղաքակիրթ և արժանապատիվ կեցվածքը, արդարամիտ դիրքորոշումը: Եվ հենց դրանց արտահայտությունն է այն, որ 2000 թվականի մայիսի 12-ին Ձեր նախագահությամբ Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը: Երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերը իրենց ներդրումն ունեն միջխորհրդարանական համագործակցությունն ու միջպետական հարաբերությունները զարգացնելու գործում: Նշեմ, որ Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին 2005 թվականին մասնակցել են նաև Լիբանանի խորհրդարանի հայ-լիբանանյան բարեկամության պատգամավորական խմբի անդամները: Ես շատ կարևոր եմ համարում Լիբանանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունների և միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Լիբանանն արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր: Հայաստանում հատուկ բարեկամական վերաբերմունք ունեն Լիբանանի ու նրա ժողովրդի հանդեպ: Մենք ունենք հարևան, որի նախագահն ու իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով: Հայ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, բայց եթե այն պարտադրվի, մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը”: Հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:





