AM
12 Ապրիլ 2010 - 11:06 AMT

Հալեպում սկսվել են Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումները

Ապրիլի 9-ին Հալեպում սկսվել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Թեքեյան մշակութային միությունը Ս. Աստվածածին եկեղեցում կազմակերպել էր դասախոսություն «Հայ որբերի աղերսը» վավերագրական ֆիլմի ցուցադրումով, բանախոսը` Միսաք Քելեշյանն էր: Երեկոյին մասնակցում էին Սիրիայի հայ կրոնական երեք համայնքապետերը եւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը:

Ապրիլի 14-ին Ս. Աստվածածին եկեղեցում բացվելու է հայկական ճարտարապետության ուսումնասիրության հասարակական կազմակերպության տնօրեն Սամվել Կարապետյանի «մշակութային եղեռն» լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ ապրիլի 15-ին կայանալու է նրա դասախոսությունը «Արեւմտահայաստանի մշակութային կորուստները» թեմայով:

Գերմանիկ Վասպուրական մշակութային միության գործադիր մարմինը հրատարակել է օրացույցներ, որոնց վրա պատկերված են Հայփոստի կողմից թողարկված նամականիշները` Մեծ Եղեռնի հուշարձանը եւ ցեղասպանության 90-ամյակին նվիրված Խաչքար պատկերող մանրանկարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: