AM
20 Ապրիլ 2010 - 15:14 AMT

Թուրքիայի մտավորականության ներկայացուցիչները կոչ են արել հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ թուրք մտավորականության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. “Ձեր ցավը`մեր ցավն է”: Նրանք կոչ են անում ապրիլի 24-ին հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ակցիայի նախաձեռնող Չիգդեմ Մաթերը:

Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է. “1915 թ. Թուրքիայի բնակչությունը 13 մլն էր, այնտեղ ապրում էին մոտավորապես 1.5-2 մլն հայեր` Թրակիայում, Էգեյան շրջանում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում, Սամաթիայում, Շիշլիում և այլուր: Նրանք մեր հարևաններն էին, դերձակները, հացթուխները, ոսկերիչները, կոշկակարները, ջրաղացպանները, մեր ընկերներն էին, ուսուցիչները, սպաները, զինվորները, պատգամավորները, պատմաբանները, երաժիշտները: Սակայն ապրիլի 24-ին նրանց տեղահանեցին և մենք նրանց կորցրինք: Նրանցից շատերն այլևս չկան, նրանք նույնիսկ գերեզման չունեն: “Մեծ եղեռնից” հետո մնացել է “մեծ ցավ”, որն արդեն 95 տարի տանջում է մեր խիղճը: Մենք կոչ ենք անում բոլոր այն թուրքերին, ովքեր զգում են այդ ցավը, սգո զգեստով և վառվող մոմերով ու ծաղիկներով ծունկի գալ 1915 թ. զոհերի հիշատակի առջև”:

Նախաձեռնողները կայքէջ են բացել` www.buacihepimizin.org, որտեղ կարող են գրանցվել բոլոր նրանք, ովքեր կիսում են “ընդհանուր ցավը”:

Ակցիայի նախաձեռնողներն են` Ալի Բայրամօղլուն, Բասկին Օրանը, Ջենգիզ Աքթարը, Գարո Պալյանը, Հիլալ Կապլանը, Օսման Կոկերը և այլք: Նրանք նախաձեռնել են “Հայեր, ներեք մեզ” համացանցային ակցիան, որը համացանցում տեղադրվել էր 2008 թ. դեկտեմբերի 15-ին: Այն ժամանակ ստորագրել էին մոտ 30 հազ. մարդ:

Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 24-ին, Թուրքիայի ժամանակով ժամը 19.00-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:

Տեղեկանք` Հայոց ցեղասպանություն;