AM
21 Ապրիլ 2010 - 11:25 AMT

Արթուր Բաղդասարյան. Հայաստանը շահագրգիռ է խորացնել Լեհաստանի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 21-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Արթուր Բաղդասարյանը ցավակցել է դեսպանին ավիավթարի հետեւանքով Լեհաստանի նախագահի, նրա տիկնոջ եւ լեհ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են հայ-լեհական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնել Լեհաստանի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության հնարավորությունները: Երկուստեք կարեւորվել է երկկողմ համագործակցության խորացումը սահմանային անվտանգության ապահովման եւ ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման ոլորտներում:

Քննարկվել են Հայաստանում Եվրամիության տեղեկատվական կենտրոնների ստեղծմանը Լեհաստանի աջակցության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: