AM
24 Ապրիլ 2010 - 13:27 AMT

Հունաստանում անցնում են Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ

Հայոց ցեղասպանության 95-ամյակի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տրվեց ապրիլի 23-ի երեկոյան: Աթենքի Սինտագմա կենտրոնական հրապարակում կազմակերպվել է հունահայ սիրված երգիչ Հայկ Յազըջյանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Հունաստանի շրջանային վարչության երիտասարդական պարախմբերի համերգը:

Հանդիսավոր միջոցառումների և դրան նախորդած օրերին Սինտագմա հրապարակում նաև կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Տեղակայվել է տաղավար, որտեղ ցուցադրվում են տեսաժապավեններ, պատմական լուսանկարներ և գրքեր` հույն հանրությանը ցեղասպանության մասին ավելի լայնորեն իրազեկելու և ցեղասպանության 95-ամյակի ոգեկոչմանը նրանց մասնակից ու հաղորդակից դարձնելու նպատակով:

Ապրիլի 24-ին, Աթենքի Նոր Զմյուռնիա թաղամասի “Զանգակ” հուշակոթողի մոտ տեղի կունենա ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, իսկ ապրիլի 25-ին Ատտիկոնե սրահում կկայանա հիշատակի արարողությունների կենտրոնական ձեռնարկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: