Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ԱՄՆ-ի կողմից չի վնասի, այլ հակառակը, հավանաբար կնպաստի ամերիկա-թուրքական հարաբերություններին: Այդ մասին ասվում է կոնգրեսական Ջոն Սարբանեսի “Ինչու եմ ես կողմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը” հոդվածում, որը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի The Hill թերթում: Կոնգրեսականը հիշեցնում է, որ Եվրախորհրդարանը և շուրջ 20 երկրների, այդ թվում Կանադայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի օրենսդիր մարմինները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: “Չնայած դրան, Թուրքիան չի դադարեցնում պայքարը ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ նրա քաղաքական և տնտեսական հարաբերությունները այդ պետություններից յուրաքանչյուրի հետ միայն ընդլայնվել են այն օրվանից ի վեր, երբ նրանք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը”,-գրում է կոնգրեսական Սարբանեսը:
Ըստ նրա, անկեղծ լինելով իր դաշնակցի հետ, ԱՄՆ-ն կարող է օգնել Թուրքիային առերեսվել իր պատմության մութ էջերի հետ և խուսափել այնպիսի քայլերից, ինչպիսիք են շարունակվող խտրականությունը Կոստանդնուպոլսի պատրիարքի հանդեպ, Կիպրոսի օկուպացիան և քաղաքացիական իրավունքների բացակայությունը Թուրքիայի քրդական փոքրամասնության մոտ: “Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ծառայել որպես կատալիզատոր` ապահովելու համար Թուրքիային եվրոպական ժողովրդավարությամբ երկրի կարգավիճակ, որն արժանի է անդամակցել Եվրամիությանը”,-ասվում է կոնգրեսականի հոդվածում: Ինչպես ընդգծում է Սարբանեսը, բոլոր կոնգրեսականները, որոնք դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պնդում են, որ այժմ ամենապատեհ պահը չէ դրա համար: Սակայն, նրա կարծիքով, նման արդարացումներն անտեսում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականը, ինչը կարող է առաջ մղել ԱՄՆ-ի ռազմավարական շահերը: “Այդ արժեքներն ու ռազմավարական շահերն առաջ մղելու համար Միացյալ Նահանգները պետք է նայեն Թուրքիայի աչքերին ու ճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը”,-ասվում է հոդվածում:





