Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մասնակցեց Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» պլատֆորմի երրորդ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ անդամ և վեց գործընկեր երկրների ներկայացուցիչներ:
Իր ելույթում փոխնախարար Ղազինյանն ընդգծեց Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը ՀՀ կողմից տրվող կարևորությունը, նշելով ՀՀ պատրաստակամությունն ակտիվորեն ներգրավվելու դրա բազմակողմ ձևաչափում:
Նիստի ընթացքում Ղազինյանն անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին` մասնավորապես նշելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները:
Հանդիպման ավարտին որոշում ընդունվեց «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» պլատֆորմի շրջանակներում ստեղծել ԵՄ և գործընկեր վեց անդամ երկրների համապատասխան ոլորտի պատասխանատու ներկայացուցիչներից կազմված կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խումբ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:





