AM
3 Մայիս 2010 - 12:27 AMT

Բեյրութում կայացել է Հայկազյան համալսարանի նոր շենքի հանդիսավոր բացումը

Բեյրութում տեղի է ունեցել Հայկազյան համալսարանի վերանորոգված «Ժառանգության շենքի» բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի բարձր հովանավորությամբ: Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում ելույթով հանդես են եկել համալսարանի երգիչներն ու պարախումբը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ներկաներին շնորհավորական խոսքով դիմել են Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Սիսոնը, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյանի նախագահ Փոլ Հայդոստյանը, համալսարանի հոգեբարձուների խորհրդի անդամները:

ՀՀ դեսպանը, Համալսարանի տնօրինությանը ու բոլոր ներկաներին շնորհավորելով «Ժառանգության շենքի» բացման կապակցությամբ, ընդգծել է, որ Հայկազյան համալսարանը իր հզոր հայկական ոգով և ներկայությամբ մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Լիբանանում այլև` Հայաստանում և արտերկրում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի իշխանություններին և ժողովրդին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության և հարգալից վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ հարուստ հայկական կրթական և մշակութային ավանդույթները շարունակվում են: Նշվել է, որ Հայկազյանը, որն այս տարի աշնանը նշելու է հիմնադրման 55-ամյակը, սերտ համագործում է ՀՀ Սփյուռքի նախարարության, ինչպես նաև` Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների հետ:

Միջոցառումներին մասնակցել են նախարարներ, պատգամավորներ, հոգևոր առաջնորդներ, պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ