2010թ. մայիսի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի` ԵՀՔ շրջանակներում 2009թ. առաջընթացի մասին զեկույցները: Ադրբեջանի առաջընթացի զեկույցում ԵՄ-ն բացասական է գնահանատում 2009թ. մարտի սահմանադրական փոփոխությունները` ընդգծելով, որ նախագահի անժամկետ պաշտոնավարման դրույթը և գործադիր իշխանության այդտեսակ հզորացումը հակասում է Եվրոպայում գոյություն ունեցող հիմնական պրակտիկային և հետընթաց է հանդիսանում Ադրբեջանի համար:
Զեկույցում ասվում է նաև, որ կոռուպցիան լայնատարած երևույթ է ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում: Նշվում են Ադրբեջանի ուղղիչ-աշխատանքային համակարգում անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումները: 2009թ. ընթացքում արտահայտվելու ազատությունն ու մամուլի ազատությունը վատթարացել են: Առանց լրագրողական շրջանակների և հասարակական կազմակերպությունների հետ նախնական քննարկման 2009թ. մարտին ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխությունը ԵՄ դիտում է որպես բացասական մոտեցում: ԵՄ-ն իր մտահոգությունն է արտահայտում և քննադատում է լրագրողներին վախեցնելու դեպքերը, նրանց նկատմամբ կասկածելի գործեր հարուցելը:
Այս համատեքստում նաև ԵՄ-ն նշում է 2009թ. մարտին Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ-ի զեկուցողի նշանակումը և ընդգծում է, որ այս հարցը ԵՄ-ն կշարունակի բարձրացնել Ադրբեջանի իշխանությունների հետ իր շփումներում: Նշվում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխությունները սահմանափակում են ՀԿ-ների գործունեությունը, հավաքների ազատության սահմանափակումները մտահոգիչ են:
ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման առումով նշվում են 2009թ ակտիվացած շփումները, այդ թվում նախագահների միջև կայացած 6 հանդիպումները: Շեշտվում է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են երկուստեք համարձակ քայլեր: Զեկույցը նշում է, սակայն, որ ընդհանուր իրավիճակը մնում է մտահոգիչ:





