Լեհաստանն ուրախ է, որ Արևելայն գործընկերությունը քաղաքական թափ է ստանում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Սոպոտից, Սիկորսկին նշել է, որ Արևելյան գործընկերության նախաձեռնությունն իրականացվում է չորս ուղղություններով` քաղաքական, մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու, ազատ առևտրի գոտիների ստեղծման և մշակույթի ու տարբեր ոլորտներում փոխանակման ու տարբեր ծրագրերի իրագործման ուղղությամբ: Ըստ Սիկորսկու, այդ նախագծերի համար ԵՄ-ն հատկացրել է 600 մլն եվրո: «Առաջիկայում, կմեկնարկի ՓՄՁ-ների աջակցության ծրագիրը, ԵՄ հանձնաժողովը կոնկրետ ծրագիր է մշակում, որը կներկայացվի տարվա կեսին»,-ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նա նաև նշել է, որ Լեհաստանն առաջարկեց «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, նպատակ ունենալով, որ յուրաքանչյուր երկիր կարողանա մերձենալ Եվրոպայի հետ: «Մենք դիտարկում ենք մեր արևելայն հարևաններին որպես եվրոպացի հարևանների: Ծրագրի նպատակն է օգնել նրանց մերձենալ Եվրոպային, եթե նրանք դա ցանկանում են: Սակայն միայն ցանկությունը բավական չէ: Մուտքի արտոնագրերը չեղյալ համարելու համար Արևելյան գործընկերության երկրները պետք է կատարեն ԵՄ մի շարք պայմաններ` ներմուծեն կենսաչափական անձնագրեր, ստեղծեն տվյալների բազաներ, ապահովեն սահմանների անվտանգությունը»,-ասել է Սիկորսկին:
Լեհաստանի ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ հաջորդ տարի` ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ժամանակ տեղի կունենա Արևելյան գործընկերության երկրների նախագահների ու ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովը: «Սակայն, Լեհաստանը խոստանում է ակտիվ դառնալ իր նախագահության ժամանակ, որը կհաջորդի Հունգարիայի նախագահությանը»,-ասել է նա:





