ՌԴ Պետդումայում տեղի ունեցավ Հայրենասիրական կուսակցությունների IV համաշխարհային կոնգրեսը: Կոնգրեսը գումարվել էր Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկու նախաձեռնությամբ: Միջոցառմանը քննարկվել է քաղաքական կուսակցությունների դերն ու նշանակությունը գլոբալիզացիայի ու ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցեցին Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, ԱՊՀ-ի ու Բալթիայի երկրների կուսակցությունների ղեկավարներ և խորհրդարանականներ:
Կոնգրեսում հանդես եկավ ՌԴ-ում Դաշնակցության ներկայացուցիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նա ներկայացրեց Դաշնակցությունը որպես կայուն քաղաքական ուժ ՀՀ քաղաքական համակարգում և որպես համահայկական կառույց, որը համախմբում է Սփյուռքի հայերին:
Անդրադառնալով կոնգրեսի թեմային` Յուրի Նավոյանը քաղաքական կուսակցությունների համար նշեց մի շարք ուղղություններ ճգնաժամի պայմաններում` միջխորհրդարանական համագործակցություն, միջազգային մակարդակով բանավեճերի կազմակերպում, կուսակցությունների միջև խորհրդակցությունների անցկացում:
Կոնգրեսից հետո տեղի ունեցավ Վլադիմիր Ժիրինովսկու և Յուրի Նավոյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը, ռուս-հայկական հարաբերություննրն ու հայկական համայնքի դերը Ռուսաստանում: Նավոյանը բարձր գնահատեց Ժիրինովսկու դիրքորոշումը հայ ժողովրդի պատմական և քաղաքական իրավունքների վերականգնման, ազգերի ինքնորոշման հարցում: Նավոյանը կարևորեց նաև Ժիրինովսկու մասնակցությունը ՌԴ հայ համայնքի միջոցառումներին: Հաստատվեց մի շարք ուղղություններով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում Ժիրինովսկին կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի անվտանգության և տարածաշրջանում նրա դիրքի ամրապնդման կարևոր գործոն է:





