Հայոց ցեղասպանության փաստը չի կարող հարցականի տակ դրվել, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական «Profil» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պատմաբանների միացյալ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկն անընդունելի է հայ-թուրքական գործընթացի համար: «Մենք ասել ենք դա մեր թուրք գործընկերներին գործընթացի հենց սկզբում: Մենք պայմանավորվել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման համար միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծել ենթահանձնաժողովներ, որոնցից մեկը ունենալու է մի նպատակ` վերականգնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահությունը: Բայց, իհարկե, ոչ Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելու հաշվին: Հնարավոր չէ հասնել մեր ժողովուրդների միջեւ վստահության վերականգնմանը` Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելով»,-ասել է Նալբանդյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ իմաստ ունի հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքների ընդունումը այլ երկրների կողմից` Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Այն նույն իմաստը, որ Հոլոքոսթի հետ ոչ մի կապ չունեցող երկրներ օրենքներ են ընդունում դրա վերաբերյալ: Մենք դեռ հիշում ենք Հիտլերի սահմռկեցուցիչ բառերը. «Գնացեք եւ սպանեք առանց խղճալու: Ի վերջո, ո՞վ է հիշում հայերին: Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Դա վերաբերում է ամբողջ մարդկությանը եւ ոչ միայն այն զոհ դարձած ժողովրդին»:





