Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստի օրակարգով քննարկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի 2009-2011 թվականների միջոցառումների կատարման ընթացքը: ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են վարչապետին նշված ժամանակահատվածում իրականացված միջոցառումների և որոշ միջոցառումների չկատարման կամ ժամանակին չկատարման մասին:
Անդրադառնալով ՀՀ պետական գերատեսչությունների կողմից իրականացման ենթակա միջոցառումներին` վարչապետն ընդգծել է որոշ միջոցառումների վերանայման և վերաշարադրման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներին մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել միջոցառումների իրականացման արդյունքում արձանագրված առաջընթացի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:





