Հունիսի 18-ին Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը աշխատանքային այց կատարեց Իտալիայի գյուղատնտեսության եւ զբոսաշրջիկության բնագավառում առաջատար` Տոսկանայի նահանգ: Այցելության ընթացքում դեսպանը նահանգի մայրաքաղաք Արեցցոյում հանդիպումներ ունեցավ նահանագապետ Ռ. Վազայի, Արեցցոյի քաղաքապետ Ջ. Ֆանֆանի, ինչպես նաեւ` նահանգի հոգեւոր առաջնորդ արքեպիսկոպոս Ռ. Ֆոնտանայի հետ:
Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկեց Արեցցոյի նահանգի հետ փոխշահավետ համագործակցության հաստատման, քաղաքային եւ նահանգային մակարդակով կապերի խթանման, տնտեսական եւ մշակութային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում կազմակերպել հայ-իտալական գործարար համաժողով Արեցցոյում, ինչպես նաեւ նախատեսել հաջորդ տարվա ընթացքում Արեցցոյի նահանգապետի այցը Հայաստան: Նահանգային իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին հայ գրատպության հոբելյանական միջոցառումների համար համապատասխան տարածքներ տրամադրել Արեցցոյում:
Այցի շրջանակներում դեսպան Ռ. Կարապետյանը այցելեց Ռոնդինե, ուր տեղակայված է «Խաղաղության ամրոց» հասարակական կազմակերպության ուսանողական ավանը: Դեսպանը հանդիպում ունեցավ աշխարհի շուրջ 25 երկրներից, այդ թվում նաեւ միջազգային հակամարտությունների տարբեր գոտիներից Իտալիայում ուսանող երիտասարդների եւ կազմակերպության ղեկավար պրոֆ. Ֆ. Վակարիի հետ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ռոնդինեի պատվիրակությունը առաջիկայում առաջին անգամ կայցելի տարածաշրջան, այդ թվում` Հայաստան, ուր ՀՀ ղեկավարությանը կհանձնի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իր ընդունված 14 կետանոց Հռչակագիրը: Դեսպանը հատուկ շեշտեց այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելության անհրաժեշտությունը եւ Ռոնդինեում ԼՂՀ-ից ուսանող ունենալու կարեւորությունը:
Այնուհետեւ Ռոնդինեւոմ տեղի ունեցավ դեսպան Կարապետյանի հանդիպումը իտալացի շուրջ 30 գործարարների հետ, որի ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները, հայ-իտալական առեւտրատնտեսական համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարային ոլորտները: Ներկաներին բաժանվեցին իտալերեն լեզվով տեղեկատվական գրքույկներ Հայաստանի տնտեսության եւ մշակույթի մասին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





