AM
23 Հունիս 2010 - 09:26 AMT

Տարածաշրջանի առաջնորդները պետք է միտվեն ապագայի կերտմանը

Ժամանակն է, որպեսզի տարածաշրջանի առաջնորդները վեր կանգնեն նեղ քաղաքական օրակարգերից ու հակասություններից, ի ցույց դնելով իսկական առաջնորդական հատկանիշներ՝ ուղղված ապագայի կերտմանը, այլ ոչ անցյալը վերապրելուն: Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ` ելույթ ունենալով Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում:Նրա խոսքերով, Հայաստանը բազմիցս կոչ է արել իր արևելյան հարևանին` Ադրբեջանին, երկու երկրների հնարավորություններն ի սպաս դնել տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը:

«Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հայտարարությունները մեր երեխաներին չեն կարող լավ ապագա խոստանալ: Եվ ես դա ասում եմ որպես մի մարդ, ով անցել է իրեն պարտադրված պատերազմի բովով, ճաշակել հաղթանակի բերկրանքը, բայց և երբեք չի մոռանա պատերազմի պատճառած դառնությունները: Ի վերջո, մի օր, երբ տարածաշրջանում սկսվեն տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, մենք իսկապես կարող ենք շատ ավելի հեշտությամբ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն ու ապահովել մեր ժողովուրդների ապահով, անվտանգ և բարեկեցիկ գոյությունը, քան այսօրվա անվստահության և կասկածանքի մթնոլորտում: Համոզված եմ, որ տարածաշրջանային ինտեգրացիայի մեր մոտեցումները կիսում են նաև Վրաստանի մեր գործընկերները:

Մենք իրավունք ունենք նաև նման վերաբերմունք ակնկալել տարածաշրջանում ներգրավված մեր գործընկերներից: Մենք անընդհատ խոսում ենք ինտեգրացիան և փոխկապակցվածությունը խթանելու մասին, բայց ի՞նչ քայլեր ենք անում: Նույնիսկ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում մենք հանգիստ նայում ենք, թե ինչպես ծրագրին միացած որոշ երկրներ փորձում են սահմանափակել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Օրինակ Ադրբեջանը, ոգևորվելով երկար տարիներ ՏՐԱՍԵԿԱ ծրագրին Հայաստանի մասնակցությունը սահմանափակելու իր ջանքերից, փորձում է նույն գործելաոճը տարածել նաև Արևելյան գործընկերության վրա»,-ասել է նախագահը: