Հայկական կողմն ուշադրությամբ հետևում է Եվրոպական խորհրդարանում Հայաստանին, Հարավային Կովկասին, Սևծովյան տարածաշրջանին, Արևելյան գործընկերությանը վերաբերող զեկույցների պատրաստման ընթացքին: Այս մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում: Նրա խոսքերով, Հայաստանի և Եվրոպայի վերազգային քաղաքական կուսակցությունների միջև համագործակցության խորացման միտումներ կան:
ՀՀ ԱԺ խոսնակը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը խթանելու Եվրոպական Միության պատրաստակամությունը կվերածվի գործուն քայլերի, ինչը մեծապես կնպաստի տարածաշրջանում կայունության ու համերաշխ գոյակցության հաստատմանը: «Ցավոք, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվելու Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության հաստատմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես խոսքս վերաբերում է այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը բացառելու Ադրբեջանի դիրքորոշմանը: Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ընդգրկուն տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքին հակասող գործողություններից ու հայտարարություններից: Գնահատելի է Եվրոպական Հանձնաժողովի մոտեցումը` հնարավորինս ապաքաղաքականացնել համագործակցության վերաբերյալ պլատֆորմների քննարկումները և ուշադրությունը կենտրոնացնել կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Հայաստանը պատրաստակամ է ոչ միայն ակտիվ մասնակցել, այլ նաև հյուրընկալել գործընկերության շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:





