AM
14 Հուլիս 2010 - 11:05 AMT

Հովիկ Աբրահամյան. Հայաստանն իր դավանած արժեքներով ու ձգտումներով Եվրոպայի անբաժան մաս է կազմում

Հայաստանն իր դավանած արժեքներով ու ձգտումներով Եվրոպայի անբաժան մաս է կազմում: Այս առումով Հայաստանը կարևորում է իր երկրի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցմանն ուղղված գործընթացը: Այս մասին ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում: «Քաջատեղյակ լինելով այս հարցի նրբություններին, մասնավորապես Եվրամիության մի շարք երկրներում անվտանգության տեսանկյունից խնդրի դիտարկման ընթացքին, կարծում եմ պետք է հաշվի առնել հարցի նաև հումանիտար կողմը, որի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն կստանան ազատ տեղաշարժվել ու շփվել միմյանց հետ»,-ասել է ԱԺ խոսնակը:

«Եվրամիության հետ համագործակցության հաստատումը ոչ թե Հայաստանին պարտադրված որոշում է, այլ բխում է Հայաստանի շահերից, քանի որ այն միտված է մեր երկրում տնտեսության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկայումս գտնվում են դինամիկ զարգացման փուլում: Այս համատեքստում առանձնակի կարևորություն է ստանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը: Երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի վրա դրվեցին Արևելյան գործընկերության մեկնարկով: Այն լայն հնարավորությունների դաշտ է ստեղծում գործընկեր պետությունների համար և կարող է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ամուր հիմք դառնալ»,-ասել է խոսնակը:

«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի մեկնարկի կապակցությամբ, որը նախատեսված է հուլիսի 19-ին Երևանում: Այն նոր հեռանկարներ է բացելու Եվրամիության հետ առաջիկայում առավել ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը: Հայաստան Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը հերթական, սովորական պայմանագիր չէ: Այն խորհրդանշում է համագործակցության զարգացման որակական նոր փուլ, հարաբերությունների խորացման նոր հանգրվան: Նոր համաձայնագիրը հիմնված կլինի քաղաքակրթական արժեքների, ընդհանրության և ապագայի համատեղ տեսլականի վրա և կարտահայտի կողմերի կոնկրետ և պրագմատիկ շահերը: Ուստի, մենք լրջորեն ենք նախապատրաստվում բանակցային գործընթացին` իրականացնելով համապատասխան կառուցվածքային բարեփոխումներ և ընդունելով նորմատիվ ակտեր, որոնք միտված են գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելուն: Խիստ գնահատելի է այս խնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի հատուկ ուշադրությունը, ինչի վկայությունն է զեկուցողի նշանակումը: Գոհունակություն եմ հայտնում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության ներկա մակարդակից: Այստեղ իր արդյունավետությամբ աչքի է ընկնում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի հերթական նիստը կայանալու է այս տարվա աշնանը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է ԱԺ մամլո ծառայությունը: