AM
22 Հուլիս 2010 - 09:19 AMT

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Կոսովոյի անկախության մասին

ՄԱԿ-ի միջազգային դատարանն այսօր որոշում կկայացնի Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ: Դատավորները պետք է պատասխանեն Բելգրադի հայցին, որտեղ ասվում է, որ Կոսովոյի կողմից 2008թ. փետրվարին անկախության հռչակումը Սերբիայի տարածքային ամբողջականության խախտում էր:

Չնայած նրան, որ Արդարության միջազգային դատարանի որոշումն ուղղակի իրավական հետևանքներ չի ունենա, այնուամենայնիվ, դա կարևոր դիվանագիտական գործոն կհանդիսանա հարաբերությունների զարգացման գործում` ինչպես Բալկաններում, այնպես էլ այլ տարածաշրջաններում:

Առնվազն, Միջազգային դատարանից է կախված, թե հետագայում ինչ շրջանակներում իրենց աշխատանքային հարաբերությունները կկառուցեն Բելգրադն ու Պրիշտինան: Եթե դատավորները սատարեն Սերբիայի դիրքորոշմանը, Կոսովոն ստիպված կլինի բանակցություններ սկսել: Իսկ եթե որոշումն ի օգուտ Պրիշտինայի լինի, դա կարող է դրդել այլ երկրներին ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը հույս է հայտնել, որ դատարանը չի ճանաչի միակողմանի անկախացման օրինականությունը: «Եթե դա տեղի ունենա, ապա աշխարհում ոչ մի վիճահարույց սահման անվտանգ չի կարող համարվել»,-ասել է նա:

Կոսովոյի ներկայացուցիչները զգուշացնում են, որ ժամանակը ետ վերադարձնելու փորձերը կարող են նոր բախման պատճառ դառնալ: ՆԱՏՕ-ի խաղաղապահների հրամանատարը նշել է, որ 10-հազարանոց զորամիավորումը պատրաստ է դիմագրավել անկարգություններին, որոնք կարող են բռնկվել դատարանի որոշումից հետո: