Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաբրիելյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. “Խոր ցավով տեղեկացա ականավոր դեղաբան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի մահվան մասին»:
«Էմիլ Գաբրիելյանը մեծ ներդրում ունեցավ դեղաբանության բնագավառում, հատկապես արյան շրջանառության դեղորայքային կարգավորման հարցերի ուսումնասիրության բնագավառում: Ծանրակշիռ է նրա ավանդը հանրապետության առողջապահության կազմակերպման ոլորտում: Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվել են Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտորի և առողջապահության նախարարի պաշտոններում: Էմիլ Գաբրիելյանի նվիրված աշխատանքը նաև նպաստեց 1988 թվականի երկրաշարժից հետո աղետը վերապրածների անխափան բուժօգնության կազմակերպմանը: Առողջապահության բնագավառի բազմավաստակ գործիչը մշտապես ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալում, որն ուղղված էր մեր պետության ամրապնդմանն ու մեր հասարակության զարգացմանը: Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Էմիլ Գաբրիելյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,ասվում է հեռագրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:





