AM
23 Հուլիս 2010 - 08:12 AMT

2010 թ. առաջին կիսամյակում ԴԱՀԿ ծառայությունը վերականգնել է ավելի քան 5,5 միլիարդ դրամ

2010 թ. առաջին կիսամյակում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դատարանների որոշումներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պետական բյուջեի օգտին բռնագանձել եւ ուղիղ մարումով վերականգնել է ավելի քան 5,5 միլիարդ դրամ: Այդ մասին հայտնեց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը կիսամյակի ամփոփմանը նվիրված ծառայության ընդլայնված խորհրդակցության ընթացքում:

"Դա բավարար ցուցանիշ է, սակայն ոչ բավական: 2008 թ. I կիսամյակի համեմատությամբ կատարողական թերթերի հոսքը կրկնակի ավելացել է: Այս տարվա I կիսամյակում ծառայության բաժինների վարույթում գտնվել է շուրջ 60 հազար գործ, ինչը որոշ ժամանակաշրջաններում տարեկան ցուցանիշն է կազմել: Այս հոսքը պարտադրում է մեզ ավելացնել աշխատանքի արդյունավետությունը", իր խոսքում ասեց Մ.Պողոսյանը: Ծառայության ղեկավարը նշեց նաեւ հետաքրքրական փաստ, այս տարվա միայն I կիսամյակում պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 880 միլիոն դրամ:

Մ.Պողոսյանի կարեւորեց տնտեսական բնույթի վարույթներով կեղծ սնանկության ռիսկերի բացահայտումն ու չեզոքացումը: Այդ նպատակով ԴԱՀԿ ծառայությունում կազմավորվել է "ռիսկային" վարույթների բազմամակարդակ ուսումնասիրման եւ վերլուծությամ համակարգ: 2010 թ. I կիսամյակում ՀՀ Գլխավոր դատախուզություն է ուղարկվել 24 նմանատիպ գործ, որոնցից 6-ով հարուցվել է քրեական գործ, իսկ նմացածը ընթացքի մեջ են:

Հաշվետու ժամանակաշրջանում ԴԱՀԿ ծառայության 31 աշխատակիցների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, որոնց արդյունքում 5 աշխատակից ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 5-ը` ազատվել աշխատանքից:

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ, ասվում է ԴԱՀԿ մամլո հաղորդագրության մեջ: