Սենատոր Բարբարա Բոքսերի խնդրանքով ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը հետաձգել է մինչև սեպտեմբեր: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հաղորդագրության մեջ: «Կոմիտեում քվեարկության հետաձգումն ապացուցում է, որ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ այդ նշանակումը մանրամասն դիտարկելու համար»,- ասել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հուլիսի 22-ին, ելույթ ունենալով Սենատի կոմիտեում լսումների ժամանակ, Մեթյու Բրայզան խուսափողական պատասխաններ տվեց սենատորների մի շարք խնդրահարույց հարցերին: Գրավոր հարցերին Բրայզան նույնպես ոչ բավականաչափ հստակ ու պարզ պատասխանեց:





