AM
2 Սեպտեմբեր 2010 - 05:53 AMT

Բակո Սահակյան. Արցախի Հանրապետության օրը թանկ է և հիշարժան բոլոր արցախցիների համար

Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլոր արցախցիների համար, որովհետև յուրաքանչյուրն իր անձնական ավանդն ունի մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Այդ մասին ասվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

« Իհարկե, մենք դեռևս շատ անելիքներ ունենք թե արտաքին քաղաքական և թե սոցիալ-տնտեսական դաշտում: Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են ու անսասան ազգային նպատակների իրականացման մեջ և կանեն հնարավորը Արցախի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի կերտման համար:

Հայրենիքը միշտ վառ է պահում իր զավակների հիշատակը, ովքեր սեփական կյանքն են զոհաբերել հանուն ազատ ու անկախ Արցախի: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նահատակներին:

Սեպտեմբերի 2-ը տոն է նաև մեր հայրենակիցների համար` Հայաստանում և Սփյուռքում, ում միացյալ ջանքերով այսօր կանգուն է հայոց հինավուրց Արցախը և շարունակում է ծաղկել ու բարգավաճել:

Թանկագին հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»,- ասվում է Բակո Սահակյանի ուղերձում: