AM
6 Սեպտեմբեր 2010 - 08:43 AMT

Թուրքիայի ԱԳՆ. Իսրայելը մինչ օրս բաց է թողել երկու երկրների հարաբերությունները վերականգնելու բազմաթիվ հնարավորություններ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Իսրայելի ՌԾՈւ կողմից թուրքական «ազատության տորմիղի» գրավման մասին թուրքական զեկույցը, որ փոխանցվել է ՄԱԿ-ի միջազգայն հանձնաժողովին: «Թուրքիայի համար գլխավորը ճշմարտությունը պարզելն է»,-հայտարարել է Դավութօղլուն` հավելելով, որ Թուրքիան հուսով է, որ զեկույցը կքննարկվի ու հավանություն կստանա միջազգային օրենքի հիման վրա, գրում է IzRus-ը:

Այն հարցին, թե Իսրայելը հարաբերություններ կհաստատի արդյոք Թուրքիայի հետ, Դավութօղլուն պատասխանել է, որ մինչ օրս Իսրայելը բաց է թողել երկու երկրների հարաբերությունները վերականգնելու բազմաթիվ հնարավորություններ: «Մենք հուսով ենք, որ Իսրայելը բարեխղճորեն կվերաբերվի հանձնաժողովի աշխատանքին և անկեղծորեն կաշխատի լուծել այս խնդիրը, որն այլ կերպ չի կարող հաղթահարվել»,-ասել է Դավութօղլուն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը հրապարակայնորեն ներողություն խնդրի Mavi Marmara նավի վրա հարձակման ժամանակ 9 թուրք քաղաքացիների սպանության համար: