AM
7 Սեպտեմբեր 2010 - 14:45 AMT

Էդուարդ Ափրամյանը գտնում է, որ Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը պետք է ծիծաղելի լինի Հայաստանի ղեկավարության համար

Վրաստանի շատ բարձրաստիճան անձինք իրենց իրավունք են վերապահում զբաղվել այլ պետությունների արտաքին քաղաքականությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) առաջնորդ Էդուարդ Ափրամյանը` մեկնաբանելով Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը սպառնալիք է տարածաշրջանի համար:

Ափրամյանի խոսքով, նման հայտարարությունը պետք է ծիծաղեցնի Հայաստանի ղեկավարությանը, քանի որ այն անլուրջ է և նրա անիրազեկության վկայությունն է: «Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և եթե վրացական ղեկավարությունը նման հայտարարություններով ուզում է վնասել այդ միությանը, ապա դա անշնորհքության ակնհայտ դրսևորում է»,- նշել է նա: ԱՆՊՇ առաջնորդը ավելացրել է նաև, որ նման հայտարարությամբ Գրիգոլ Վաշաձեն միայն կվնասի Հայաստանի ու Վրաստանի միջև լավ հարաբերությունների ապագային: «Ես Գրիգոլ Վաշաձեին խորհուրդ կտայի երկնքից ցած իջնել և զբաղվել իր երկրի արտաքին քաղաքականությամբ»,- ընդգծել է Էդուարդ Ափրամյանը:

Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների քանակի ավելացումը մեծ սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ինքնավարության համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Նրա կարծիքով, Գյումրիում ռուսական ռազմակայանի հզորացումը սպառնում է Հայաստանի անկախությանը: «Այդ ռազմակայանը ոչ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը նաև չի ստեղծում բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում առկա խնդիրների քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծման համար»,- ընդգծել է Վրաստանի արտգործնախարարը, հաղորդում է ԱՊԱ-ն: