Սեպտեմբերի 8-ին Վանում բախումներ են գրանցվել ոստիկանության ու քուրդ բնակչության միջև, որը բողոքում էր Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 9 գրոհայինների սպանության դեմ:
Ոստիկանները փորձել են ցրել ցուցարարներին, վերջիններս սկսել են քարեր նետել նրանց վրա: Ի պատասխան ոստիկանները արտասվաբեր գազ են կիրառել: Երկու ոստիկաններ վիրավորվել են, 2 ցուցարարներ կորցրել են գիտակցությունը և հոսպիտալացվել են, հայտնում է թուրքական Միլիեթը:
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվելու` առաջին անգամ վերջին 95 տարում: Սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել գմբեթին խաչ տեղադրել: Պատարագին հրաժարվել են մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի ՀԱԵ պատրիարքության ներկայացուցիչները: Հրաժարվել են դեպի Վան ուղևորություններից նաև որոշ հայկական զբոսաշրջային գործակալություններ: Վանը համարվում է Թուրքիայի արևելքի ամենաանհանգիստ քաղաքներից մեկը: Բնակչության մեծ մասը քրդեր են, որոնք շուրջ 30 տարի է, ինչ պայքարում են կանոնավոր թուրքական բանակի դեմ:





