«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով պատասխանող կողմ հանդիսացող Հայաստանը երկու հիմնական փաստարկ է ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարանին: «Առաջինը այն է, որ հայցը ընդհանրապես դուրս է դատարանի իրավազորությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով, ադրբեջանցի դիմումատուներն իրենց գանգատը ներկայացրել են դատարանում գործերի ընդունելության պայմանների խախտումներով: «Մասնավորապես չի պահպանվել վեցամսյա ժամկետի կանոնը»,- հստակեցրել է նա:
«Երկրորդ` առավել կարևոր փաստարկը Հայաստանի իրավասության բացակայությունն է ԼՂՀ-ում և նրա հարակից տարածքներում»,- նշեց նա ու հավելեց. «Մենք պնդում ենք և ներկայացնում ենք համապատասխան հիմքեր և փաստարկներ, որ թե միջազգային իրավունքի սկզբունքներով և թե ընդհանրապես քաղաքական դաշտում առկա իրավիճակով պայմանավորված` Հայաստանը չունի իրավազորություն այսինքն չի իրականացնում էֆեկտիվ վերահսկողություն ԼՂՀ և հարակից տարածքներում»:
Գ. Կոստանյանի ներկայացմամբ, դատարանի ուշադրությունը հրավիրվել է բազմաթիվ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին որ ԼՂՀ իշխանությունները, միջազգային հանրության կողմից չճանաչված լինելով հանդերձ` ինքնուրույն են լուծում երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, ռազմական և մյուս ոլորտներին առնչվող խնդիրները:
Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկեց «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լսումները, օրվա երկրորդ կեսին տեղի կունենան մեկ այլ` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները: ՄԻԵԴ Մեծ պալատի քննությանն անցած երկու գանգատներն էլ առնչվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ, մասնավորապես` հակամարտության ակտիվ փուլում քաղաքացիների սեփականության իրավունքների հետ կապված խնդիրների հետ:





