AM
22 Սեպտեմբեր 2010 - 15:26 AMT

Հակահայ կեցվածքով հայտնի շվեդ պատգամավորը չի վերընտրվել

Շուտով կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Նախնական տվյալներով, Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մինչ այդ Շվեդիայի պատվիրակության անդամ, հակահայ կեցվածքով հայտնի շվեդ պատգամավոր, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Թեև իր ընտրատարածքում իր կուսակցության քվեների թիվն ու տոկոսն ավելացել են, Լինդբլադը ոչ միայն չի վերընտրվել, այլ հանդիսանում է երկրորդ փոխանդամ. այսինքն` վերընտրվելու համար, անհրաժեշտ է, որ իր ընտրատարածքից ընտրված իր կուսակիցներից առնվազն երկուքը հրաժարվեն:

Գորան Լինդբլադի չվերընտրվելու օգտին հատուկ աշխատանք է տարել Հայ դատի հանձնախումբը, կապ հաստատելով և գործակցելով Գյոթեբորգ քաղաքի տարբեր (ներառյալ Չափավոր) կուսակցությունների և համայնքների հետ: Հայ դատի հանձնախումբը, հաշվի առնելով Շվեդիայի ընտրական համակարգի առանձնահատկությունները, իր աշխատանքը կենտրոնացրել է հատկապես Լինդբլադի չընտրվելու և ոչ թե իր պատկանած կուսակցության քվեները պակասացնելու վրա:

Միաժամանակ, Հայ դատի հանձնախումբը աջակցել է Քրիստոնյա Դեմոկրատ կուսակցության պատգամավոր Աննելի Էնոքսոնի վերընտրությանը, որովհետև ան հակառակ իր կուսակցության պաշտոնական կեցվածքին, 2010թ. մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանում կողմ քվեարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևին: Նախնական տվյալներով, Էնոքսոնը վերընտրվել է:

Հայ դատի հանձնախումբը գործակցել է նաև Սոցիալ դեմոկրատ և Ձախ կուսակցություններին պատկանող մի շարք թեկնածուների ընտրության ի նպաստ, հաղորդում է Հայ դատի հանձնախմբի մամլո ծառայությունը: