AM
23 Սեպտեմբեր 2010 - 09:52 AMT

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում հանդիպել է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` ուղղված Հունգարիայի նախագահ Լասլո Սոլյոմին:

Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նրանք հանգամանալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցության խնդիրների շուրջ: Հունգարիայի ԱԳ նախարարն իր հայաստանյան գործընկերոջը տեղեկացրեց հաջորդ տարվա մայիսին կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Էդվարդ Նալբանդյանը Յանոշ Մարտոնին հրավիրեց այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: