Սեպտեմբերի 23-ին Քուվեյթում առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված պետական ընդունելություն: Հանդիսությանը ներկա էին տեղական իշխանությունների, Քուվեյթի արտաքին գործերի նախարարության, հայ համայնքի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաեւ հայտնի գործարարներ եւ քաղաքական գործիչներ:
Սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 19-ամյա տարեդարձին նվիրված երեկո, որին մասնակցել են` Հայր Խորեն Հովհաննիսյանը, եկեղեցական խորհրդի անդամները, Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը, ճեմարանի սաները, հնդկահայոց համայնքի անդամները եւ տեղական մամուլի ներկայացուցիչները:
Երեկոն մեկնարկել է ճեմարանի սաների հեղինակած նկարների ցուցահանդեսով, որին հաջորդել է Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրում: Սեպտեմբերի 22-ին հնդկահայոց հոգեւոր հովիվը եւ ՀՀ դեսպանը ուխտագնացություն են կատարել 1695թ. Չինսուրա քաղաքում հիմնադրված Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի: Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից գերեզմանատանը գտնվում են Արցախի վերջին մելիքներից Ֆրիդոն Մելիք Բեգլարյանի եւ նրա հետնորդների գերեզմանները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





