Հոկտեմբերի 1-ին Անիի ավերակներում նամազ անցկացնելու մասին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելիի նախաձեռնությունը հակասահմանադրական է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրտոգրուլ Գյունայը: Ըստ նրա, Բախչելին անձամբ կարող է միայնակ նամազ անել ցանկացած այլ վայրում, հաղորդում է Habergec-ը:
Նախօրեին Բախչելին հայտարարել էր, թե ի պատասխան Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի, նա ուրբաթօրյա նամազ է անելու միջնադարյան Անիի ավերակներում:
Անին Բագրատունիների դարաշրջանի միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքն է: Այժմ թուրքական կառավարությունը «վերակառուցում է» ավերակները: Մինչդեռ, Անիում տեղադրված ցուցանակներում ոչ մի բառով չի ասվում, որ դա հայկական քաղաք է, գրաված է ընդամենը. «Անի՝ Սմբատ Բագրատունու մայրաքաղաքը»: Հարկ է նշել, որ Անիի հարևանությամբ է գտնվում այն թուրքերին նվիրված հուշարձանը, որոնք, իբր սպանվել են հայերի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին:





