Սեպտեմբերի 29-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Շվեյցարիա: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:
ԱԺ նախագահը նշեց, որ Շվեյցարիան իր չեզոք, անկողմնակալ քաղաքականության շնորհիվ միշտ գտնվում է համաշխարհային գործընթացների կենտրոնում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը եկել է մի տարածաշրջանից, որտեղ նման հավասարակշիռ ու չափավոր պահվածքի անհրաժեշտություն կա, որտեղ, ցավոք, հանդուրժողականության պակաս է զգացվում:
ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում եվրաինտեգրումն առաջնահերթություններից է և գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ են կանգնած մեր պետության առջև, որոնց դիմագրավելու հարցում ժողովրդավարությունն ամենաուժեղ զենքն է` հատկապես հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և տարածաշրջանում առկա խնդիրները: Հովիկ Աբրահամյանը իր երախտագիտությունը հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանի կողմից 2003թ. դեկտեմբերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, նշելով` պատահական չէ, որ մարդկության դեմ ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանությունների ուրացումը Շվեյցարիայում հետապնդվում է օրենքով: Նրա համոզմամբ` երկու երկրների խորհրդարանները կարևոր դեր ունեն Հայաստանի ու Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու գործում: Նշվեց, որ խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության արդյունքում միջխորհրդարանական համագործակցությունը բավականին զարգացել է:
ՇՀ Ազգային խորհրդի նախագահը նշեց, որ Շվեյցարիայի իշխանությունները և ժողովուրդը կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը և խորացումը:
Տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսը նույնպես նշեց, որ Շվեյցարիան շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և կանի հնարավորը, որպեսզի գործընթացը շարունակվի: Տիկին Ուիսը կարևոր համարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը ևս ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձևաչափում, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները և հրադադարի խախտումները չեն նպաստում հարցի կարգավորմանը և բանակցային գործընթացին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի գրքում, հաղորդում է ԱԺ մամլո ծառայությունը:





