AM
5 Հոկտեմբեր 2010 - 08:31 AMT

Բերնար Ֆասիեն համեմատել է ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գիծը «երկաթե վարագույրի» հետ

Գնահատման առաքելությունը, որը կայցելի ԼՂ մերձակա տարածքներ, առաջին հերթին կհամեմատի վերջին 5 տարիների իրավիճակը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Դիվանագետը նաև տեղեկատվություն է ներկայացրել գնահատման առաքելության մասին, որն այցելելու է Լեռնային Ղարաբաղի մերձակա գտնվող տարածքներ:

«Բաքվում և Երևանում մեր պաշտոնական հանդիպումների ավարտից հետո հոկտեմբերի 7-ին կժամանենք Ստեփանակերտ: Հենց այստեղից մենք կորոշենք հերթական այցելությունների երթուղին: Եթե ամեն ինչ ընթանա պլանով և եղանակային պայմանները թույլ տան, մենք կավարտենք մեր աշխատանքը հոկտեմբերի 13-ին: Դժվար է նախօրոք ասել, թե ինչ արդյունքներ կլինեն այդ առաքելության արդյունքում: Սակայն նշեմ, որ դա հազվադեպ և շատ կարևոր փաստ է: Առաջին նման այցը կայացել է 2005-ի փետրվարին: Ամենից առաջ, մենք կհամեմատենք ներկա իրավիճակը նախկինի հետ»:

Բերնար Ֆասիեն նաև նշել է, որ չնայած նրան, որ տվյալ պահին բանակցությունների գործընթացը դժվար է ընթանում, զորքերի շփման գիծը չպետք է միշտ «երկաթե վարագույր» մնա: «Ճիշտ է, 2009-ին մենք չկարողացանք պահել ձեռք բերված բարձր տեմպը: Կարծում եմ, որ որպես միջնորդներ մենք պետք է օգտագործենք բոլոր երթուղիները: Մեկնելով Ղարաբաղ Բաքվից` մենք օգտվեցինք մասնագետների օգնությունից: Հուսով եմ, որ մենք չենք սպասի ևս 9 տարի շփման գծից Ղարաբաղ մտնելու համար»,- ասել է Ֆասիեն և հավելել, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին ԵԱՀԿ ՄԽ գագաթնաժողովի շրջանակներում, որը կայանալու է դեկտեմբերին Աստանայում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: