AM
7 Հոկտեմբեր 2010 - 06:25 AMT

Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներ գնահատման առաքելության այցը և երթուղին կորոշվեն Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներ գնահատման առաքելության այցը և երթուղին կորոշվեն Ստեփանակերտում: Այդ մասին Նախիջևանում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Դիվանագետը նշել է, որ եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի պես և եղանակային պայմանները թույլ տան, առաքելությունը կավարտի գործունեությունը հոկտեմբերի 13-ին:

Անդրադառնալով Բաքվում անցկացված որոշ հանդիպումներին` Ֆասիեն հայտարարել է, որ մի քանի արդյունավետ բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի և նախարարության փորձագետների հետ. «Մենք հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ: Այսօր Նախիջևանում հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Այսօր երեկոյան մենք բանակցություններ կվարենք ՀՀ նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ: Հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան կմեկնենք ԼՂ: Դրանով գնահատման առաքելությունը կավարտի իր գործունեությունը: Շաբաթվա ընթացքում մենք կլինենք ԼՂ մերձակա բոլոր շրջաններում և բնակավայրերում»,- ասել է Ֆասիեն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանից մեկնել են Ստեփանակերտ: