PanARMENIAN.Net-ի խմբագրությունը շարունակում է հետաքննել այն պատճառները, որոնք արդեն տևական ժամանակ է դարձել են www.panarmenian.net կայքի խափանման պատճառ Սիրիայի տարածքում:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Սիրիայում համացանցից օգտվողներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ, ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից մինչ օրս նրան չի հաջողվում օգտվել կայքից: «Կայքը Սիրիայում չի բացվում, փոխարենը հայտնվում է Network Error (tcp_error). Operation timed out գրառումը: Հենց այդ սխալը հայտնաբերելու ցանկությունը մոլորեցնում է սիրիացի օգտվողներին: Նրանք չեն էլ կասկածում, որ կայքը չի գործում միայն Սիրիայի տարածքում, այլ մտածում են, թե դա կապված է կայքի տեխնիկական խնդիրների հետ, որոնց շտկման արդյունքում առաջիկայում կայքէջը նորմալ կաշխատի»,-ասել է աղբյուրը Սիրիայում:
«Չի կարելի բացառել, որ կայքի աշխատանքի խափանմանը մեղսակից են նաև սիրիական հատուկ ծառայությունները: 1,5 ամիս չէր աշխատում Հայաստանի պատվավոր հյուպատոսության կայքը Դեր-էլ-Զորում, սակայն հետագայում պարզվեց, որ դա ադրբեջանցիների հակերային գրոհի արդյունքն էր:
Ներկայումս սիրիացի օգտվողները www.panarmenian.net-ի կայք կարող են մուտք գործել միայն անանուն պրոքսի-սերվերների միջոցով:
PanARMENIAN.Net-ի զրուցակիցը հայտնեց նաև, որ այդ երկրում կիրառվում է կայքերի արգելափակումը, մասնավորապես, արգելափակված են սոցիալական Facebook, YouTube և այլ կայքերը:
Նախկինում PanARMENIAN.Net-ի խմբագրությունը հաղորդագրություն էր ստացել այն մասին, որ Սիրիայի տարածքում հնարավոր չէ մուտք գործել www.panarmenian.net կայքէջ: Խմբագրության հետաքննության և ռեսուրսի վիճակագրության ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ 2010թ. ապրիլի 24-ից հետո վիճակագրության համակարգը այցելությունների դադարեցում է գրանցել Սիրիայի տարածքում:
PanARMENIAN.Net-ի խմբագրությունը շարունակում է պարզաբանել, թե ինչի հետ են կապված այդ երկրում ռեսուրսի գործունեության հետ կապված խնդիրները:





