Հոկտեմբերի 8 –ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բացվեց ՀՀ նախկին վարչապետ, ԵրՊԻ Կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի առաջին նախագահ, «Պոլիտեխնիկ> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ, համալսարանի մեծ բարեկամ Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճը:
Ներկաները`Անդրանիկ Մարգարյանի որդին`Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Խումարյանը, ՀՊՃՀ Կառավարման խորհրդի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը , նույն խորհրդի անդամ, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը, իրենց ելույթներում ևս մեկ անգամ ընդգծեցին մեծ հայի, պետական գործչի, դերը ինչպես իրենց կյանքում, այնպես էլ ՀՀ պետականության կերտման գործում:
«Սա մեր հարգանքի տուրքն է այն անձին, ով իսկապես նվիրված էր իր արմատներին, ով առանձնահատուկ ուշադրություն ուներ իր բուհի հանդեպ. խորամուխ ու ծանոթ էր բոլոր խնդիրներին և աջակցում էր դրանց լուծմանը: Նա նվիրված հայ էր նախ և առաջ , հետո նաև նվիրված պոլիտեխնիկցի»,- նշեց ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Խումարյանը: Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը միջոցառումը կարևորեց`այն համարելով պետականության հանդեպ բուհական համակարգի վերաբերմունքի դրսևորում:
Նորաբաց դահլիճում Տարոն Մարգարյանը հանձնեց Անդրանիկ Մարգարյաի անվան կրթաթոշակը: Վերջինս սահմանվել է 2008 թվականին` ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ և ամեն տարի հանձնվում է Կիբեռնետիկայի ֆակուլտետի տվյալ տարվա լավագույն ուսանողին:Կրթաթոշակը տրվում է ամեն ամիս` մինչ ուսումնական տարվա ավարտը: Այս տարվա մրցանակակիրը ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Ավտոմատացում և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուանողուհի Անի Մանուկյանն է:





