Հոկտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմին: Զրույցի ընթացքում քննարկվել են առեւտրական, տնտեսական եւ մասնավորապես, մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Շեյխ Սուլթանը հետաքրքրվել է հարեւան երկրների հետ հարաբերություններով, ընդգծել քաղաքակրթությունների երկխոսության շուրջ տարաբնույթ հանդիպումների, փոխադարձ մշակութային միջոցառումների պարբերաբար անցկացումը:
Անդրադառնալով հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը` Շեյխ Սուլթանը կարեւորել է Շարժա էմիրության առեւտրի պալատի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության այցի կազմակերպումը Հայաստան` տեղում ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները:
Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, ինչպես նաեւ հույս հայտնել , որ հետայսու Շարժա էմիրության գործարար շրջանակներն էլ ավելի ներգրավված կլինեն Հայաստանում զանազան տնտեսական ծրագրերի իրականացման գործում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





