ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Կատարողականի վրա հիմնված պայմանագրի պատրաստումն ու դերը ճանապարհների կառավարման գործում» թեմայով շնորհանդես:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից մշակվել է ճանապարհների պահպանման և սպասարկման նոր կարգ և 2011 թվականից այն կկիրառվի նոր մրցույթներում: Հաշվի առնելով այս հանգամանքը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի առաջարկով բանկը ներկայացրել է շնորհանդեսի նյութը:
Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տրանսպորտային ոլորտի գլխավոր մասնագետ Բեն Գերիկը մանրամասն ներկայացրել է ճանապարհների կառուցման, պահպանման և սպասարկմանն առնչվող սկզբունքները: Նա նշել է, թե որտեղ է հարմար կիրառել կատարողականի վրա հիմնված պայմանագրերի ձևերը, ինչպես նաև հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ հաշվի առնել OPRC (արդյունքի և կատարողականի վրա հիմնված ճանապարհային պայմանագրեր) մեթոդը և այլն:
Նախարար Մանուկ Վարդանյանը կարևորելով շնորհանդեսին ներկայացված նյութերը, հույս է հայտնել, որ դրանք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ արդյունավետ մեթոդներ կան ճանապարհների պահպանման և սպասարկման որակը բարձրացնելու, ինչպես նաև ճանապարհաշինարարական կազմակերպությունների հետ աշխատելու համար:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարը:





