«Իմ առաջարկը Հայաստանի դեմկուսակցության հետ հանդիպման վերաբերյալ ուժի մեջ է մնում: Այնքան հարցեր են հավաքվել, որոնք հարկավոր է քննարկել: Ես գտնում եմ, որ երեք կովկասյան հանրապետությունները պետք է ընտրեն արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսական զարգացման ընդհանուր մոդել: Եթե Հայաստանն անտարբեր չէ մեր տարածաշրջանի ճակատագրի հանդեպ, ապա նա պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ Հարավային Կովկասի խնդիրների քննարկման համար»,-այդ մասին հայտարարել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն: Ըստ նրա, բոլոր վիճահարույց հարցերը կարելի է լուծել բանակցությունների ժամանակ:
«Այնպես որ ես մեկ անգամ ևս հրավիրում եմ հայ գործընկերոջս քննարկելու ներկա իրավիճակը ցանկացած չեզոք տեղում և այնպես անել, որ մեր երկրներում խաղաղություն ու ժողովրդավարություն տիրի»,-ասել է Ս.Ջալալօղլուն՝ հավելելով, որ եթե երրորդ երկրները չմիջամտեն Հարավային Կովկասի գործերին, ապա այդ անվստահությունը հնարավոր կլինի վերացնել:
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխադարձ պարտավորություններ ստանձնեն, որ միմյանց դեմ չեն օգտագործի երրորդ երկրներին: Ես նկատի ունեմ ռուսական ռազմակայանը Հայաստանում և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ: Կովկասի երեք երկրները պետք է հայտարարեն, որ չեզոք են և չանդամակցեն ոչ մի ռազմական դաշինքի: Ահա եթե մենք կարողանանք պայմանավորվել այդ մասին, որոշ ժամանակ անց մեր տարածաշրջանը բարգավաճ, զարգացած ու ժողովրդավարական կդառնա: Դրանից հետո վստահությունը կվերականգնվի: Մենք պետք է հաղթահարենք բոլոր խոչընդոտները Կովկասում խաղաղության հաստատման համար»,-ասել է Ջալալօղլուն, հաղորդում է 1news.az-ը:





