Վրաստանի նախագահի վարչակազմում գտնում են, որ հյուսիսային կովկասցիների համար արտոնագրային ռեժիմի պարզեցումը անվտանգության տեսակետից խնդիրներ չի ստեղծի: Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն, սահմանի վրա անվտանգությունը հսկվում է այլ մեթոդներով, և արտոնագրային ռեժիմը դրա հետ ոչ մի կապ չունի:
Նրա խոսքով, հյուսիսային կովկասցիների համար առանց արտոնագրի ռեժիմն առաջին քայլը կլինի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած գաղափարի ճանապարհին: «Մի քանի օր առաջ նախագահը ՄԱԿ վեհաժողովում խոսում էր միասնական Կովկասի մասին: Հյուսիսային կովկասցիների համար արտոնագրային ռեժիմի պարզեցումն ուղղակի կապ ունի հենց այդ հարցի հետ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ուզում եմ հայտնել, որ այդ հարցերը հսկվում են այլ մեթոդներով, այլ ոչ թե արտոնագիր տալով կամ չտալով»,- հայտնել է Մանանա Մանջգալաձեն:
Հոկտեմբերի 13-ից Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչների համար պարզեցված արտոնագրային ռեժիմ կգործի: 90 օրվա ընթացքում Վրաստանում առանց արտոնագրի կկարողանան գտնվել Չեչնիայի, Ինգուշետիայի, Հյուսիսային Օսեթիայի, Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաևո-Չերկեսիայի և Ադիգեայի բնակիչները: Վրաստանի նախագահի համանապատասխան կարգադրությունը հրապարակվեց հոկտեմբերի 11-ին, հաղորդում է Գրուզիա On-line-ը:





