AM
13 Հոկտեմբեր 2010 - 11:02 AMT

Մահմուդ Ահմադինեժադի այցը պառակտել է Լիբանանը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա այցով ժամանել է Լիբանան` չնայած առարկություններին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: «Հեզբոլլահ» զինյալ իսլամական շիիթական խմբավորումն օդանավակայանից մինչև Բեյրութ ողջ ճանապարհի երկայնքով, որով ընթանում էր Իրանի նախագահի շքախումբը, փակցրել էր նրա պատկերով ցուցապաստառներ:

Սակայն Լիբանանի շատ քաղաքական և կրոնական միավորումներ հանդես են գալիս Իրանի նախագահի այցի դեմ: Նրանք վախենում են, որ երկրում փխրուն քաղաքական հավասարակշռությունը կարող է խախտվել: Իր երկօրյա այցի ընթացքում Ահմադինեժադը կհանդիպի Լիբանանի նախագահի և վարչապետի հետ, ինչպես նաև կայցելի Իսրայելին սահմանակից երկրի հարավային շրջաններ, որտեղ 2006-ին երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ «Հեզբոլլահի» մարտիկները պայքարել են իսրայելական զորքերի դեմ: Իրանը ֆինանսավորում է այդ շրջանների վերականգնումը, որոնք ավերվել են մարտական գործողությունների և օդային հարձակումների ժամանակ: Սպասվում է նաև, որ Իրանի նախագահը կմասնակցի Բեյրութում «Հեզբոլլահի» կազմակերպած հավաքին:

Ահմադինեժադի այցը Լիբանանում առաջացրել է ոչ միանշանակ արձագանք: Այն ժամանակ, երբ «Հեզբոլլահի» կողմնակիցները ջերմորեն ողջունում են նրան, Լիբանանի խորհրդարանի արևմտամետ մեծամասնության որոշ անդամներ մեղադրում են Իրանի նախագահին երկրի ներքաղաքական գործերին միջամտելու մեջ:

Այցի նախօրեին «Հեզբոլլահի» հակառակորդները կառավարությունում հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ Ահմադինեժադը պատրաստվում է Լիբանանը վերածել «Միջերկրական ծովում իրանական բազայի»: Իսկ ՄԱԿ-ը շարունակում է 2005-ին Լիբանանի Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննությունը, և սպասվում է, որ շուտով ՄԱԿ-ի դատարանը մեղադրանքներ կներկայացնի, այդ թվում` «Հեզբոլլահի» որոշ անդամների:

Լիբանանի ներկա վարչապետ Սահադ Հարիրին` Ռաֆիկ Հարիրիի որդին, մշտական ճնշման տակ է Սիրիայի և «Հեզբոլլահի» կողմից, որոնք պահանջում են, որպեսզի նա դատապարտի ՄԱԿ-ի դատարանի որոշումը, հաղորդում է BBC-ն: