Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբականը հոկտեմբերի 17-ին թուրքական իսլամամետ Saadet (Երջանկություն) կուսակցության արտակարգ նիստում պատգամավորների 684 ձայներով ընտրվել է այդ կուսակցության նախագահ: Նա եղել է այդ պաշտոնի միակ թեկնածուն:
Կուսակցության արտակարգ նիստը գումարվել էր այն բանից հետո, երբ նրա նախկին առաջնորդ Նուման Կուրտուլմուշը հրաժարական է տվել երկրի ներսում տարաձայնությունների պատճառով:
Նեջմեթին Էրբականը` թուրքական քաղաքական համակարգի ամենափորձառու և երկարակյաց քաղաքական գործիչներից մեկն է, նա մահմեդական աշխարհում համարվում է մեծ քաղաքականության յուրօրինակ առաջնորդ:
Հայտնի է, որ Թուրքիայի ներկա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հայացքները շատ առումներով ձևավորվել են Էրբականի ազդեցության տակ: Իր հայտարարություններում Էրբականը բազմիցս քննատադել է ԵՄ-ին` անվանելով այն սիոնիստական շրջանների զավակ, որոնք մեծ կապիտալների տեր են: Էրբականի պնդմամբ, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին «կհանգեցնի Արևմուտքի կողմից Թուրքիայի գաղութացմանը»:
1997-ին Էրբականը տապալվել է բանակի կողմից և 12 տարի մնացել ստվերում` ժամանակ առ ժամանակ հանդես գալով քաղաքական հայտարարություններով, հաղորդում է World Bulletin-ը:





