Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է ՌԴ Պետդումային՝ խնդրելով զրկել անձեռնմխելիությունից ՌԱԴԿ խմբակցության անդամ Աշոտ Եղիազարյանին, որին կասկածում են առանձնակի խոշոր չափերի մեքենայությունների մեջ: Պետդումայում առաջարկում են թույլ տալ գործ հարուցել Եղիազարյանի դեմ: Ստորին պալատի հանձնաժողովը կքննարկի այդ առաջարկը առաջիկա ուրբաթ օրը:
Աշոտ Եղիազարյանի գործողություններում քննությունը խոշոր չափերի մեքենայության տարրեր է հայտնաբերել: Սա ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածն է, որով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում: Համապատասխան մարմինները պնդում են, որ պատգամավորը շուրջ 200 մլն ռուբլի պարտք է կուտակել: Նրանից արդեն առգրավվել են զբոսանքների համար նախատեսված մոտորանավակը և «Ֆերարի» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է РСН-ն:





