AM
28 Հոկտեմբեր 2010 - 10:00 AMT

Արմեն Գևորգյանը կարևորել է ՀՄՀ-ի ծրագրերով իրականացվող շինաշխատանքների արդյունավետ կազմակերպումը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 28-ին ընդունեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնող ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա էր նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ կառավարության դիրքորոշումը «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության կողմից աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` նշելով դրանց առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը` հաշվի առնելով, որ պոմպակայանները պետք է գործարկվեն արդեն ոռոգման հաջորդ շրջանում: Նա կարևորեց շինաշխատանքներն իրականացնող և դրանք վերահսկող ընկերությունների համագործակցված աշխատանքը, որպեսզի հնարավոր բացթողումները ծրագրի թերի իրականացման պատճառ չդառնան, և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հայաստանին հատկացված գումարներն ամբողջովին ու նախատեսված կարգով ծառայեն իրենց նպատակին: Փոխվարչապետը պահանջեց, որպեսզի ընկերությունն ավելի մեծ թափ հաղորդի աշխատանքներին: Կարևորվեցին նաև աշխատանքային պայմանների անվտանգության հետ կապված հարցերը:

Արմեն Գևորգյանը նկատեց, որ արևմտյան շինարարական ընկերություններին ծրագրին մասնակից դարձնելու նպատակներից էր նաև նրանց փորձը Հայաստանում կիրառելի դարձնելը:

Փոխվարչապետն ընդգծելով, որ կառավարությունն առավել ուշադրություն է դարձնում ՀՄՀ-ի ծրագրերի ընթացքին, միաժամանակ պատրաստակամություն հայտնեց աջակցել ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: Շինարարական ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ շինաշխատանքների կազմակերպման և նախագծերի համաձայնեցման գործընթացի մեծ մասն արդեն ավարտված է: Նրանք շնորհակալություն հայտնեցին աջակցության պատրաստակամության համար` վստահեցնելով, որ ի զորու են իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: