Ֆրանսիան ողջունում է հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հռչակագիրը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն: Ըստ նրա, կողմերի հավանությանն արժանացած միջոցները կարող են նպաստել լարվածության և հրադադարի խախտման դեպքերի նվազմանը, որոնք հաճախակի են դարձել վերջերս:
«Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, անում է հնարավորը, օգնելու համար Հայաստանին ու Ադրբեջանին հասնել հակամարտության խաղաղ, արդար ու տևական լուծման: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասել է Վալերոն՝ հավելելով, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունում է Դմիտրի Մեդվեդևի անձնական նվիրվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին:





